Աշխարհումս ա՛խ չեմ քաշի, քանի որ ջա՛ն ես ինձ համար.
Անմահական ջրով լիքը ոսկե փնջան ես ինձ համար.
Նստեմ` վրաս շվաք անես` մետաքս վրան ես ինձ համար.
Մեղքս իմա՛ցիր, հետո սպանիր` սուլթան ու խան ես ինձ համար:
Մեջքդ` նոճի-չինարի պես, գույնդ ֆրանկի ատլաս է.
Լեզուդ` շաքար, շուրթդ` մեղր, ակռեկքդ մարգրիտ-ալմաս է.
Ոսկում արծնապակի արած, աչքերդ ակնակուռ թաս է.
Պատվական անգին ադամանդ, լալ-բադեշխան ես ինձ համար:
Ես էս ցավին ո՞նց դիմանամ, մի՞թե սիրտ ունեմ քարացած,
Արտա՛սուքս արյուն շինիր, խելքս` գլխումս շվարած,
Նոր պարտեզ ես` նոր այգու մեջ, բոլորքդ վարդով շուրջառած.
Ման գամ շուրջդ բլբուլի պես` սքանչելիք ես ինձ համար:
Քո սերը ինձ արբեցրեց, ես արթուն եմ, սիրտս է քնած.
Աշխարհս աշխարհով կշտացավ, իմ սիրտը քեզնից սով մնաց.
Յա~ր, էլ ինչո՞վ քեզ գովերգեմ` աշխարհումս բա՛ն չմնաց.
Ծովից դուրս եկած հրեղե՛ն նժույգ-ջեյրան ես ինձ համար:
Ի՞նչ կլինի հետս խոսես, եթե Սայաթ-Նովի յարն ես.
Շողքդ աշխարհը բռնել է` արեգակից էլ դու վառ ես.
Հոտավետ հիլ, մեխակ, դարչին, վարդ մանուշակ, սուսանբար ես.
Կարմրագույն` դաշտի ծաղիկ, հովտաց շուշան ես ինձ համար
To start learning, sign up for free.